ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Ռենջեր 2023» մրցանակաբաշխություն

Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Ռենջեր 2023» մրցանակաբաշխություն

Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։
Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին նախադեպը չունեցող մրցույթով։

Հայտարարված «Ռեյնջեր 2023» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունն համակարգող ՊՈԱԿ-ների 49 աշխատակից՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից:

Թեստավորման առաջին փուլն հաղթահարել էին 15 մասնակից՝ անցնելով եզրափակիչ փուլ։

Օգոստոսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանդիսավոր միջոցառմամբ անցկացվեց մրցույթի եզրափակից փուլը, որի ընթացքում էլ որոշվեցին մրցանակաբաշխության հաղթողները։

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Քաթրին Բուդեր-Փելցը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Նախքան մրցութային փուլին մեկնարկը, միջոցառման հյուրերը հանդես են եկել ելույթներով և իրենց խոսքում ևս մեկ անգամ կարևորել բնության հատուկ պահպանվող տարածքների տեսուչների դերն ու նշանակությունը անտառների, հարուստ կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրենսդրության կիրարկման գործում։
Ռենջերները, ում Հայաստանի Հանրապետությունում կոչում ենք տեսուչներ կամ անտառապահներ բնության հատուկ պահպանվող տարածքների առաջամարտիկներն են, ովքեր պաշտպանում են մեր բնությունը և պայքարում շրջակա միջավայրի պահպանության համար:

 

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ֆիզիկական պատրաստվածության, տեղանքում կողմնորոշվելու և ժամանակակից տեխնիկական սարքերից օգտվելու հմտության, առաջին բուժօգնության, յուրաքանչյուրն իր ներկայացրած տարածքի բնապահպանական նշանակության և տարածքի իմացության իրենց կարողություններն են ցուցադրել։

Հանձնաժողովը գնահատել է յուրաքանչյուրին, ապա ընտրվել են հաղթողներ, ում տրվել են պատվոգրեր և դրամական պարգևներ`
1-ին տեղ՝ Ռուբեն Բադալյան, «Խոսրովի անտառ» պետական արգելոց
2-րդ տեղ Նարեկ Հովհաննիսյան, «Դիլիջան» ազգային պարկ, Արթուր Քոչարյան «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Հարութ Աղաթելյան, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ
3-րդ տեղԱրթուր Պետրոսյան, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Արմեն Աբելյան, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ,

Անի Սաֆարյան, «Դիլիջան» ազգային պարկ՝ լավագույն կին աշխատակից։

 

Ցուցաբերած արդյունքներով հաջորդ հինգ մասնակիցներին որպես մրցանակ տրվել են բջջային հեռախոսներ։

Շնորհավորելով մասնակիցներին մրցանակաբաշխության կայացման առթիվ, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հույս է հայտնել, որ սրանով հիմք է դրվում այդչափ կարևոր աշխատանքը գնահատելու մի շատ գեղեցիկ ավանդույթի։

  • Կիսվել: