Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք որպես փորձնակ կարող են ներգրավվել գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք կամ երիտասարդները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի հնարավորություններին, գործնականում ձեռք բերել մասնագիտական հմտություններ և աշխատանքային պայմանագիր կնքելու հեռանկար ունենալ՝ որպես փորձնակ ներգրավվելով գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում։
Ըստ այդմ՝ փորձնակը հնարավորություն ունի՝
գործատուի մոտ աշխատանքի ներգրավվել և աշխատանքային փորձառություն ձեռք բերել ոչ ավելի, քան շաբաթական 5 օր, օրական 4 ժամ և շաբաթական 20 ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները,
ստանալ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական և որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, ինչը ենթադրում է, որ փորձնակը աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով գործատուի կողմից որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքում կարող է ներգրավվել նաև առանց վարձատրության։
Գործատուն՝
իրավունք ունի իր մոտ կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչև 2 ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի,
փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի 10%-ը,
փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձնակի` գրավոր, երկու օրինակից կնքված քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին,
մինչև տասնութ տարեկան անձինք գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի են ներգրավվում և աշխատանքային փորձառություն են ձեռք բերում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները պահպանելով»,-ասված է հաղորդագրության մեջ։