Արագածոտնի մարզում ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը, վնասել ամանորյա զարդարանքները
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուժեղ քամու հետևանքով Ապարան քաղաքում տեղադրված գլխավոր տոնածառը տապալվել է, իսկ ամանորյա ողջ զարդարանքը՝ վնասվել ու շպրտվել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։
Քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ չի եղել այնպիսի խնդիր, որ իրենք չլուծեն ու Ապարան քաղաքի Ամանորը ամենալավն է լինելու։
«Սիրելի համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել։Մեր քաղաքի Ամանորը, միևնույնն է, ամենալավն է լինելու։ Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են, ուժեղ ենք միասին»,-նշել է նա։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


