ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Անպատասխանատու պահվածք է. իմքայլականը՝ ընդդիմադիրների՝ նիստին չներկայանալու մասին

Անպատասխանատու պահվածք է. իմքայլականը՝ ընդդիմադիրների՝ նիստին չներկայանալու մասին

Այսօր ԱԺ երրորդ արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, խոսելով ԱԺ նիստին ընդդիմության չներկայանալու մասին, ասաց, որ դա անպատասխանատու պահվածք է արտակարգ իրավիճակի պայմաններում:

Նա նշեց. ՛՛Առաջիկայում մենք կարող ենք ունենալ ավելի բարդ իրավիճակներ և նման նեղացկոտ չհիմնավորված պահվածքը հիասթափեցնում է քաղաքացիներին՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որի մեջ է մտնում անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը, որից հետո արտահերթ նիստ գումարվեց, ընդունվեց:

Պատգամավորն ասաց նաև. «Այս օրինագիծը որևէ գաղտնալսման չի վերաբերվում, վերաբերվում է ընդամենը վարակ ունեցողի մոտ գտնվող ցուցակի դուրս գրմանը»::

Հայրապետյանի խոսքով՝ անձնական տվյալներ դուրս բերելու համար ավելի հեշտ տարբերակներ կան, սակայն այս նախագիծը դրա հետ կապ չունի: «Այո, մենք պետք է կողմ քվեարկենք այս նախագծին, իսկ մեր ընդդիմադիրների պահվածքը բազմաթիվ կասկածների տեղիք  է տալիս»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունը, թե ուշ են տեղեկացել նիստի մասին, շոու էր, և այն ապացուցվեց, քանի որ այս անգամ նրանք հստակ տեղյակ են եղել և չեն ներկայացել:

Հիշեցնենք, որ ընթանում է ԱԺ երրորդ արտահերթ նիստը։ Օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն է և կից փաթեթը: Ի դեպ՝ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ապա այսօր Կառավարությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց, որտեղ դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը։

  • Կիսվել: