կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով կայցելի Վատիկան

ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով կայցելի Վատիկան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումներ անցկացնելու համար այս շաբաթ կայցելի Վատիկան և Իտալիա , հայտնում են իտալական ԶԼՄ-ները՝ մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում Հռոմի Պապ Լևոն XIV-ի հասցեին հարձակումներով քննադատության արժանացավ քաղաքական ողջ սպեկտրի քրիստոնյաների կողմից։

La Repubblica և Corriere della Sera թերթերում հրապարակված տեղեկություններում չի նշվում, թե արդյոք կաթոլիկ Ռուբիոն անձամբ կհանդիպի Հռոմի պապին, սակայն ասվում է, որ սպասվում է նրա հանդիպումը կարդինալ Պիետրո Պարոլինի՝ Վատիկանի գլխավոր դիվանագիտական ներկայացուցչի հետ։

Թերթերի հաղորդմամբ, Ռուբիոն նաև մտադիր է բանակցություններ վարել Իտալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ՝ հավելելով, որ այցը նպատակ ունի թուլացնել երկու երկրների հարաբերություններում լարվածությունն այն բանից հետո, երբ անցյալ ամիս Թրամփը խիստ քննադատության ենթարկեց Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ իր եվրոպական ամենամոտ դաշնակիցներից մեկին։

Վերջին անգամ Ռուբիոն Լևոն XIV-ի՝ ԱՄՆ-ից ծագումով առաջին Հռոմի պապի հետ հանդիպել էր 2025 թվականի մայիսին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին։

Ամերիկացի երկու պաշտոնյաներն էլ ներկա էին նոր պապի գահակալության մեկնարկի պատարագին Սուրբ Պետրոսի հրապարակում և հաջորդ օրը մասնավոր հանդիպում էին ունեցել պոնտիֆիկոսի հետ։

Հռոմի պապը, որն իր պապության առաջին ամիսներին համաշխարհային ասպարեզում ստվերում էր մնում, վերջին շաբաթներին կոշտ քննադատությամբ է հանդես եկել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի և Թրամփի վարչակազմի խիստ հակամիգրացիոն քաղաքականության վերաբերյալ։ Ապրիլին Թրամփը մի քանի անգամ սոցիալական ցանցերում քննադատել էր Լևոնին՝ մի պահ պոնտիֆիկոսին անվանելով «սարսափելի», գրում է Reuters-ը։

  • Կիսվել: