երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Ահավոր ձայներ էին, ես որ եկել եմ, երեխեն արդեն ասֆալտին ընկած էր». արյունալի կրակոցների ականատես

«Ահավոր ձայներ էին, ես որ եկել եմ, երեխեն արդեն ասֆալտին ընկած էր». արյունալի կրակոցների ականատես

Փետրվարի 4-ին ընկերներով եկել էին այստեղ, որ նշեն ծնունդը, էդ դեպքը եղավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակչուհիներից մեկը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ կրակոցներից մահացել էր բնակավայրի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին:

Հարցին՝ ձայները լսե՞լ է, կինը պատասխանեց. «Շատ ուժեղ ձայներ էին, ահավոր ձայներ էր գալիս, կրակոցի ձայներ: Երբ մենք դուրս եկանք, եկանք արդեն հանդարտվել էին: Երբ ես եկել եմ, արդեն երեխան մահացած էր, ասֆալտին ընկած էր»:

Պատճառների մասին մերձավանցի կինը տեղյակ չէր. «Ես տեղեկություն չունեմ դրանցից, ինքը բացարձակապես նման խնդիրների մեջ չի մտել: Այո, համայնքի ղեկավարի ազգական էր»,-ասաց նա՝ հավելելով, որ գյուղապետ Մհեր Ախտոյանը եւս այդտեղ է եղել:

Նշենք, որ այս գիշեր Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին եւ կրակոցները նաեւ իրեն են դիպել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:

Նշենք, որ թե գյուղապետի տան, թե դիմացի տան վրա կան տեսախցիկներ եւ հավանաբար ամեն ինչ ֆիքսվել է:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: