կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնաբուժական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Նրանք շրջել են ծրագրի շրջանակում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների և սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում: Անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված կենտրոնի սրահներն արդեն համալրված են համապատասխան կահույքով, մուլյաժների որոշակի խմբաքանակով, ինչպես նաև համակարգչային տեխնիկայով: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների և մուլյաժների հաջորդ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը:

ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի խոսքով՝ անասնաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, որի համար անհրաժեշտ կադրերի պատրաստումն իրականացնում է միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ‹‹Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, ինչպես նաև կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին›› ,- նշել է ծրագրի ղեկավարը:

«Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշել է, որ, համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, բուհի ծրագրերից բխող գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցով սահմանված ժամկետներից: Նրա խոսքով՝ բուհը պետք է արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկի պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ծրագրով ամրագրված ցուցանիշներին հասնելու համար:

Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում ստեղծվել է նաև համապատասխան կրթական բովանդակություն: ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս.Ծառուկյանի խոսքով՝ բուհն իրականացնում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նորաստեղծ կենտրոնի հետ առնչվող մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայում: Մշակման փուլում են կենտրոնի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվաիրավական փաստաթղթերը, ինչպես նաև արտահամալսարանական շահակիցների համար կարճաժամկետ դասընթացների և որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլները:

  • Կիսվել: