երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աղքատության հաղթահարման ուղղությամբ գործուն քայլեր է  իրականացվում. Բաթոյան

Աղքատության հաղթահարման ուղղությամբ գործուն քայլեր է իրականացվում. Բաթոյան

Այս տարի աղքատության հաղթահարման ուղղությամբ գործուն քայլեր է  իրականացվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա նշեց, որ շատ ավելի լուրջ արդյունքներ կտեսնենք 2020 թվականին։  

«Աղքատության ցուցանիշն արդեն երկու նիշով նվազել է, կարծում եմ, որ այս ցուցանիշը կպահպանվի: Աղքատության հաղթահարումը միայն սոցիալական ոլորտի խնդիր չէ, մենք մեղմում ենք աղքատությունը և սոցիալական նպաստի միջոցով աղքատության խորացումն ենք կանխում, բայց նպաստի և աջակցության միջոցով աղքատությունը վերացնելը շատ ռոմանտիկ է հնչում: Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք աշխատանքի հնարավորություն և կարիքի վրա հիմնված ծառայություն մատուցենք: Վստահ եմ, որ մենք աղքատության հաղթահարման ուղղությամբ արդեն արել ենք գործուն քայլեր, շատ ավելի լուրջ արդյունքներ, կարծում եմ, կտեսնենք հաջորդ տարի»,- ընդգծեց նա։

Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ այս տարի Զբաղվածության գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար աշխատանք փնտրող, որոնցից 7794-ը՝ կանայք, 3483-ը՝ երիտասարդներ և 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

Նրա խոսքով՝ աշխատանքի խրախուսման նպատակով առաջիկայում նախարարական կոմիտեի նիստում կքննարկվի նաև պայմանով նպաստի մասին նախագիծը, որը ենթադրում է աշխատանքային հնարավորությունների տրամադրում գործազուրկ այն անձանց, որոնք աշխատունակ տարիքի են, կարող են աշխատել, սակայն մասնագիտական, խորհրդատվական աջակցության կարիք կամ աշխատատեղի մասին տեղեկատվության պակաս ունեն։

  • Կիսվել: