Աղմկահարույցի նախագծի քվեարկությանը իմքայլական մի քանի պատգամավորներ չեն մասնակցել
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծը` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, որով իշխանությունը մտադիր է արտակարգ դրության պայմաններում վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։
ԱԺ-ում քննարկումն անցավ բուռն մթնոլորտում, քանի որ պատգամավորներից ոմանք վտանգներ էին տեսնում քաղաքացիների ազատությունների սահմանափակման առումով։ Ուշագրավ է, որ նմ,ան վտանգներ տեսնում էին նաև իշխանական պատգամավորները:
Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրինագծին. ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը:
Նշենք նաեւ, որ նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:


