Աղերսում և պահանջում եմ դադարեցնել հացադուլը. Թագուհի Թովմասյանը՝ 44-օրյա պատերազմի մասնակից երեք տղաներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հորդորել է 44-օրյա պատերազմի մասնակից երեք տղաներին դադարեցնել հացադուլը։
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛44-օրյա պատերազմի մասնակիցները Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ են հայտարարել։
Եղբայրնե՛ր, շնորհակալ ենք, որ միացել եք հայրենիքի փրկության պայքարին և էլի առաջինն եք կանգնում առաջնագծում, էլի պատրաստ եք զոհաբերության հանուն հայրենիքի։ Սակայն, խնդրում եմ ձեզ, մի՛ արեք դա ձեր առողջությունը վտանգելու գնով։ Դո՛ւրս եկեք հացադուլից: Ձեր առողջական վիճակը մտահոգիչ է․ այսօր ինքս ականատես եղա, թե ինչպես մի քանի անգամ շտապ օգնության մեքենաներ մոտեցան Ազատության հրապարակ:
Աղերսում և պահանջում եմ դադարեցնել հացադուլը:
Այո՛, իրավիճակն այսօր ծայրահեղ է և, այո՛, ձեր քայլն էլ՝ համարժեք իրավիճակին, սակայն ձեր ընտրած միջոցը թույլ տալ չենք կարող, շարունակենք պայքարը միասին՝ առանց ֆիզիկական կտտանքների և զրկանքների ձեզ ենթարկելու։
Խնդրում եմ չգիշերել հացադուլի պայմաններում, դո՛ւրս եկեք հացադուլից...՛՛: