ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աֆրիկացի բարձրաստիճան հյուրերը՝ Մոսկվայի հայկական եկեղեցում

Աֆրիկացի բարձրաստիճան հյուրերը՝ Մոսկվայի հայկական եկեղեցում

Ռուսաստանում Աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի:

Հյուրերին հայկական հարկի տակ էր հրավիրել ռուսաստանահայ հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված «Կրոնների, դավանանքների միջև միջկրոնական հարաբերությունների համաշխարհային» շաբաթվա շրջանակում:

Հայկական եկեղեցում էին Ռուսաստանում հավատարմագրված Եմենի, Սոմալիի, Կամերունի դեսպանատների բարձրաստիճան ներկայացուցիչներն, ինչպես նաև Աֆրիկայի միացյալ կրոնների դեսպանը, Աֆրիկյան համայնքների միության նախագահն և Ռուսաստանում Բանինի համայնքի ղեկավարը և Էֆիոպական միության նախագահը:

Հյուրերը եղան Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, ծանոթացան եկեղեցու կառուցման պատմությանը, ապա այցելեցին «Տապան» հայկական թանգարան: Այստեղ ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային գանձերին՝ աֆրիկացի հյուրերը հաճելիորեն զարմացան՝ տեսնելով Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սրբությունների, աստվածաշնչյան թեմաներով մարմարե ու փայտե քանդակների, ծիսական իրերի ու խաչերի ժամանակավոր ցուցադրությունը:

Առաջնորդարանի ժողովասրահում տեղի ունեցավ աֆրիկյան հյուրերի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների և թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հետ:

Ողջունելով հյուրերին ՝ վերջինս ընդգծեց, որ Ռուսաստանը բազմազգ ու բազմակրոն պետություն է, որտեղ համերաշխ ու խաղաղ բնակվում են բազում ժողովուրդներ, այդ թվում՝ նաև հայեր: Նա հույս հայտնեց, որ հյուրերը բացահայտեցին իրենց համար Հայաստանը, ծանոթացան հայ ժողովրդի ստեղծագործ մտքին ու հարուստ մշակութային ժառանգությանը:

Միջոցառման նախաձեռնող հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանի խոսքերով, իր նպատակը Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի և ընկալելի դարձնելն է, անձնական հարաբերությունների ամրապնդմամբ մեր երկրին օգուտ բերելը:

Մենք պետք է մշտապես մնանք համաշխարհային իրադարձությունների կիզակետում, մեր օրերի արագ փոփոխվող աշխարհում շատ հեշտ է այնտեղից դուրս մնալը: Իբրև քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր մենք ունենք բոլոր նախապայմանները դառնալու քրիստոնեության համաշխարհային մայրաքաղաք՝ դրանից բխող բոլոր հնարավորություններով: Այս միջոցառման նպատակը մեր՝ առաջին քրիստոնյա երկրի, և աֆրիկյան ժողովուրդների միջև կամուրջների ամրապնդումն է:

  • Կիսվել: