ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիները շարունակում են մնալ Տեղ գյուղի տարածքում. Սյունիքի մարզպետ (տեսանյութ)

Ադրբեջանցիները շարունակում են մնալ Տեղ գյուղի տարածքում. Սյունիքի մարզպետ (տեսանյութ)

Սյունիքում սահմանային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այս պահին վիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է, ինչ մեզ բոլորիս հայտնի է, վիճակը բնականաբար լարված է, կայուն է, որեւէ փոփոխություններ չկան ոչ դեպի դրականը, ոչ դեպի բացասականը»,-ասաց նա:

Անդրադառանալով Տեղ գյուղում ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը, մարզպետն ասաց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ տարածքի օկուպացիայի մասին է խոսքը։ Մարզպետը, սակայն ենթադրում է, որ բանակցությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի հետքաշման ուղղությամբ, սակայն որեւէ տեղաշարժ այս ուղղությամբ չկա. ադրբեջանցիներըշարունակում են մնալ գյուղի տարածքում:

Նա նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով դժվարություններ են ստեղծվել սահմանամերձ համայնքներում, այդ թվում՝ Տեղ եւ Ներքին Հանդ համայնքներում:

Ղուկասյանն ասաց նաեւ, որ 2-3 շաբաթից կգործարկվի Տաթեւ- Լծեն ավտոճանապարհը:

«Տաթեւ-Լծեն ճանապարհը բացելուց հետո Տաթեւի ոլորանները իջնելու կարիք չի լինի: Ճանապարհների առումով հիմնական խնդիրը լուծված է: Բնականաբար, դեռ կան որոշ բնակավայրեր տանող ճանապարհներ, որոնք դեռ ասֆալտապատ չեն, բայց դա շատ կարճ ժամանակի խնդիր է, կարեւորը սահմաններն են, ճանապարհների հարցը հեշտ է լուծել»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ չի լսել այն մասին, որ իրանական բեռնատարները անցնեն Որոտանի ադրբեջանական անցակետով եւ հավելեց, որ իրանցի վարորդները գիտեն, որ ճիշտը Տաթեւի ճանապարհով անցնելն է:

  • Կիսվել: