շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աբու Դաբիի թագաժառանգն ու հյուրանոցի տերը հիասթափվել են. Ծառուկյան

Աբու Դաբիի թագաժառանգն ու հյուրանոցի տերը հիասթափվել են. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով «ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալուն՝ նշեց, որ այդ հայտարարությունները դեռևս ասեկոսեներ են։

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, իրենք նույնպես լինելու են այդ հանձնաժողովում. «Կքննվի և իրականությունը բոլորս կիմանանք՝ և՛ մենք, և՛ խորհրդարանը, և՛ երևանցիները»։

Անդրադառնալով իր այն հայտարարություններին, թե իր գործընկերները Հայաստանում ներդրումներ չեն կարողանում իրականացնել, քանի որ խոչընդոտների են հանդիպում,  Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այսօր կարող է նույնը ասել։

Նա նշեց, որ իր գործընկերներին հրավիրել է Հայաստան, որոնք ցանկացել են Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց նրանք  հիասթափել են։

«Հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր Երևանի կենտրոնում երկու հյուրանոց կառուցել, որպեսզի զբոսաշրջությունը զարգանար։ Իսկ թագաժառանգն ուզում էր Երևանում հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին այդ հիվանդանոցից։ Նրանք  հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

 

  • Կիսվել: