չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Աբովյանում տեղի է ունեցել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը

Աբովյանում տեղի է ունեցել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր տեղի է ունեցել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից:

Այս առիթով Հայաստան են ժամանել Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելեցին նաև Միգրացիոն ծառայություն: Այդ մասին տեղեկացնում է ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն հայտնեց ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար և նշել, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, և նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է։ Միևույն ժամանակ Ա․ Ղազարյանն անդրադարձել է Հայաստանում միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին և իրականացվող աշխատանքներին, որը նաև դրական ազդեցություն կունենա ապաստանի համակարգի բարելավման վրա։

Դեսպան Ռուգեին բարձր է գնահատել Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ ապաստան հայցողների կացարանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նա նաև նշել է, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով և համագործակցելով այլ երկրների հետ։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022 թ-ի կեսերին: Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնարար Վաչե Տերտերյանը, ով բարձր գնահատեց միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունը հայտնեց ծրագրում իրենց մասնակցության առթիվ: ՄԾ պետ Ա.Ղազարյանը նկատել է, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951 թ-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը:

Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի և սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակներում:

 

  • Կիսվել: