երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
199 մլն դրամի պայմանագիր է կնքվել Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ

199 մլն դրամի պայմանագիր է կնքվել Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ

Տարածքային կառավարման նախարարության կարիքների համար ճանապարհների նորոգման պայմանագիր է կնքվել ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ, գրում է Հետքը:

Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվի Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին՝ թունելից դեպի Գարգառ գյուղ տանող հատվածում։ Վերանորոգման ենթակա ճանապարհահատվածը մոտ 4 կմ է։ Այն նորոգելու համար կազմակերպված մրցույթին դիմել է միայն «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերությունը։ Մրցույթին ՍՊԸ-ն առաջարկել է 199 միլիոն դրամով կատարել 254 միլիոն դրամ նախահաշվային գնով աշխատանքը։

«Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներից մեկը եղել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր։ Այս ընկերությունը մի շարք պետական գնումների մասնակցել և հաղթել է։

Հետագայում Նաղդալյանը դուրս է եկել ընկերությունից, իր բաժնեմասը փոխանցել այլ անձանց։ Այսօր ընկերության բաժնետերերը երկուսն են՝ Կամո Գևորգյանը և Դավիթ Բեգլարյանը՝ համապաստախանաբար՝ 75 % և 25 % բաժնեմասերով։ Դավիթ Բեգլարյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է։ Մյուս բաժնետեր Կամո Գևորգյանն էլ «Նուրբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գերասիմ Գևորգյանի որդին է։

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ի տարբերություն իր կուսակիցների (ՀՀԿ-ական), 2018 թ․-ից հետո քաղաքական գործընթացներին չի մասնակցում։ Նախկին պաշտոնյայի անունը չկա ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով անցնող պաշտոնյաների ցանկում:

  • Կիսվել: