կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
15 երկրներից միջազգային փորձագետներ խորհրդատվություն կմատուցեն ՀՀ ՄԿՈւ համակարգի զարգացման նպատակով

15 երկրներից միջազգային փորձագետներ խորհրդատվություն կմատուցեն ՀՀ ՄԿՈւ համակարգի զարգացման նպատակով

Ինչպե՞ս կիրառել ձևավորող գնահատման հնարավորությունները և նպաստել գործատուի համատեքստը ճանաչող շրջանավարտների պատրաստմանը՝ աշխատաշուկան համալրելով կարողունակ և մրցունակ մասնագետներով.  այս  ուղղությամբ Հայաստանը խորհրդատվություն կստանա 15 երկրների հեղինակավոր փորձագետներից: 

Այս տարի Հայաստանը կհյուընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ֆորումը, որի շրջանակներում կիրականացվի ՀՀ ՄԿՈՒ համակարգի գործընկերային արտաքին գնահատում՝ ուշադրության կենտրոնում ունենալով  սովորողի ձևավորող գնահատումը և գործատուների հետ համագործակցությունը: 

Փետրվարի 21-22-ին Հայաստանում է ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի  ֆորումի ղեկավար Մունիր Բաատին: Այցի ընթացքում ԵԿՀ ֆորումի ղեկավարը հանդիպումներ ունեցավ  ՈԱԱԿ-ի, ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործատուների և քոլեջների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով  մայիսին սպասվող   գործընկերային գնահատման գործընթացը և շահակիցների համագործակցության շրջանակը: 

Պարոն Բաատիի հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորեց ԵԿՀ ֆորումի գործընկերային գնահատումը՝ որպես ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների միջոց:  «ՄԿՈՒ ոլորտում  կոնցեպտուալ նոր կարգավորումներ սահմանող  օրենքի հաստատման փուլում ենք հիմա: Օրենքը ՄԿՈՒ հաստատությունների որակի նոր չափանիշներ  է սահմանելու, այդ թվում  և գործատուների առավել ակտիվ ներգրավման առումով: Եվ այս գնահատումը ևս կօգնի, որ հասնենք այն արդյունքին, որն ակնկալում ենք ունենալ օրենքի ընդունման շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:  Տիկին Սվաջյանը շեշտեց՝ ակնհայտ է, որ ՄԿՈՒ ոլորտում ունենք կրթության որակի բարելավման խնդիր: Նպատակ է դրված նաև վերանայել մասնագիտությունների ցանկը.  «Վստահ եմ, որ ԵԿՀ մանրակրկիտ  հետազոտությունը  մեզ  ցույց կտա՝ ինչ փոփոխությունների կարիք ունենք»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս համագործակցության պատրաստակամություն հայտնեց՝ կարևորելով քոլեջ-գործատու համագործակցության բարելավումը: 

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)  տնօրեն Ռուբեն Թոփչյանը շեշտեց՝ ԵԿՀ ֆորումը հյուրընկալող ամեն երկիր ինքն է որոշում, թե որակի ապահովման  որ ոլորտի վերաբերյալ է հատկապես  ցանկանում բարելավման խորհրդատվություն ստանալ: «Մենք ցանկանում ենք ստանալ խորհրդատվություն, թե ինչպես բարելավել գնահատման համակարգը քոլեջներում և այդ գործընթացում ներգրավել գործատուներին, որպեսզի գնահատումը համապատասխանի գործատուների պահանջներին: Սա բխում է նաև ՀՀ կրթության մինչև  2030թ. զարգացման ռազմավարությունից»,- ասաց պարոն Թոփչյանը:

Մունիր Բաատին կարևորեց, որ ՈԱԱԿ-ը գործընկերային  գնահատման համար յուրահատուկ ուղղություն է ընտրել՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային փորձագետների խորհրդատվության շնորհիվ  շոշափելի ձեռքբերումներ կարձանագրվեն: 

 Նշենք՝ ԵԿՀ անդամ 15 երկրները  ներկայացնող  փորձագետները նախ կուսումնասիրեն ՈԱԱԿ-ի զեկույցը ՀՀ ՄԿՈՒ ոլորտի  մասին, կծանոթանան համակարգի SWOT վերլուծությանը, ապա Հայաստան կայցելեն մայիսի 21-23-ին: Այցի ընթացքում նրանք  

հանդիպում-քննարկումներ կունենան ոլորտային նախարարությունների, գործատուների, ՈԱԱԿ-ի և պետական ու մասնավոր քոլեջների ներկայացուցիչների հետ:  Այցից հետո բարելավման խորհրդատվություն կտրամադրեն, որի իրագործումը կնպաստի ՀՀ-ում ՄԿՈՒ համակարգի բարելավմանը և հզորացմանը: 

  • Կիսվել: