երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
10 տարեկան երեխաների մինչև 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր. ՅՈՒՆԻՍԵՖ

10 տարեկան երեխաների մինչև 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 635 միլիոն սովորող դեռևս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով: ՔՈՎԻԴ-19 համավարակի երկրորդ տարվա սահմանագծին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակում է երեխաների կրթության վրա համավարակի ազդեցության վերաբերյալ վերջին հասանելի տվյալները։
 
«Մարտին լրանում է համաշխարհային կրթության ոլորտում կորոնավիրուսային համավարակի պատճառով խափանումների երկու տարին։ Այլ կերպ ասած՝ մեր առջև երեխաների ուսուցման բացթողումների գրեթե անհաղթահարելի ծավալներ ունենք,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության գծով ղեկավար Ռոբերտ Ջենկինսը:- Թեև կրթության բնագավառում խափանումներին պետք է վերջ տրվի, սակայն միայն դպրոցների վերաբացումը բավարար չէ: Սովորողները մեծ աջակցության կարիք ունեն բաց թողած ուսուցումը վերականգնելու համար: Ոսումնական հաստատությունները պետք է դուրս գան իրենց շրջանակներից՝ վերականգնելու երեխաների հոգևոր և ֆիզիկական առողջությունը, սոցիալական զարգացումը և սնուցումը»:
 
Երեխաները կորցրել են թվաբանության և տառաճանաչության  հիմնական հմտությունները: Համաշխարհային կերպով կրթության խաթարումը հանգեցրեց նրան, որ միլիոնավոր երեխաներ զգալի ծավալներով բաց թողեցին ակադեմիական կրթությունը, որը նրանք ձեռք կբերեին, եթե սովորեին դասարանում: Ընդ որում՝ ամենամեծ բացթողումներն ունենում են ավելի փոքր և մեկուսացած երեխաները:
 
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցների փակման հետևանքով ուսուցման բացթողումները հանգեցրել են նրան, որ 10 տարեկան երեխաների մինչև 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր: Այս ցուցանիշը 53 տոկոսով բարձր է մինչև համավարակը գրանցված ցուցանիշից:
 
ԱՄՆ-ում ուսուցման բացթողումներ են գրանցվել շատ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Թենեսիում, Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում, Վիրջինիայում և Մերիլենդում: Տեխասում, օրինակ, 3-րդ դասարանի երեխաների երկու երրորդը 2021 թվականին «Մաթեմատիկա» առարկայի քննությանը ցածր արդյունքներ է գրանցել՝ համեմատած 2019 թվականին քննություն հանձնած երեխաների կեսի գրանցած արդյունքների հետ:
 
Բրազիլիայի մի քանի նահանգներում 2-րդ դասարանցի 4 երեխայից 3-ը չունի բավարար գիտելիքներ ընթերցանությունից ՝ համեմատած մինչև համավարակը գրանցված 2-ից 1-ը ցուցանիշի հետ: Բրազիլիայում 10-15 տարեկան 10 աշակերտից 1-ը հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալու դպրոց, երբ իրենց դպրոցները վերաբացվեն:
 
Հարավային Աֆրիկայում դպրոցականները 75 տոկոսով և մինչև մեկ լրիվ ուսումնական տարի հետ են մնում նախատեսված կրթական մակարդակից: Ըստ տեղեկությունների՝ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում 400 000-500 000 աշակերտ ընդհանրապես դուրս է մնացել դպրոցից:
 
Դպրոցների փակման հետևանքները շարունակում են աճել: Բացի ուսուցման բացթողումներից՝ դպրոցների փակումն ազդել է երեխաների հոգեկան առողջության վրա, նվազեցրել սնուցման հասանելիության մակարդակն ու մեծացրել չարաշահումների ռիսկը:
 
Աճող ապացույցները փաստում են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով երեխաների և երիտասարդների շրջանում գրանցվել են տագնապի և դեպրեսիայի բարձր ցուցանիշներ, իսկ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ աղջիկների, դեռահասների և գյուղաբնակների՝ այս խնդիրներին բախվելու հավանականությունն ավելի մեծ է:
 
Աշխարհում ավելի քան 370 միլիոն երեխա զրկվել է դպրոցական սննդից դպրոցների փակման ընթացքում՝ կորցնելով այն, ինչը որոշ երեխաների համար ամենօրյա սնուցման միակ հուսալի աղբյուրն է:

  • Կիսվել: