հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Զոհված զինծառայողների ծնողներին քիչ հետո կտանեն Քննչական կոմիտե. պատգամավոր

Զոհված զինծառայողների ծնողներին քիչ հետո կտանեն Քննչական կոմիտե. պատգամավոր

Ձերբակալված ծնողների մոտ ամեն ինչ նորմալ է, քիչ հետո կտանեն քննչական կոմիտե քննչական գործողություններ անելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ կարգավիճակ չունեն ձերբակալված ծնողները:

«Առանձնապես ինչ-որ բան չի եղել, ինքը հանգիստ եկել, նստել է, իրար հետ զրուցել են: Ծնողների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, նրանց բիրտ ուժով են բերման ենթարկել: Մենք մի ժամ սպասել ենք այստեղ, որ մեզ ու փաստաբաններին թողնեն, որ մտնենք ոստիկանության բաժին: Մեզ բացատրեցին, որ տեխնիկական խնդիր կա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։

Քննչական կոմիտեց էլ հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։

«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին՝ նշելով. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։

Այս պահին ծնողները ձերբակալվել են ու տարվել Շենգավիթի քննչական բաժին:

  • Կիսվել: