ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ի՝ հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասը. ՔԿ

Վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ի՝ հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
 
Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲ ընկերությունը 2023 թվականի որոշ ամիսներին թերհայտարարագրել է արտադրված ցեմենտի իրացման շրջանառությունը:
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալները տրամադրվել են՝ հիշյալ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգման ընթացքում օգտագործելու համար:
 
Արդյունքում հարկային մարմնի կողմից հիշյալ ՓԲ ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման ընթացքում ընկերության կողմից ճշգրտվել են նախկինում ներկայացված հաշվարկ-հաշվետվությունները, որոնց արդյունքում առաջացել և պետական բյուջե են վերականգնվել ընդհանուր` 161.870.946 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ և տույժեր:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: