հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչապետ Փաշինյանի մասին Բորիս Ավագյանի հայտարարությունները կդառնան քննության առարկա. գլխավոր դատախազի խորհրդական

Վարչապետ Փաշինյանի մասին Բորիս Ավագյանի հայտարարությունները կդառնան քննության առարկա. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը InfoPort.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությանը, թե Ռուսաստանում իր ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա եւ պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` իրեն ամեն գնով վերադարձնելու Հայաստան:

Այս առնչությամբ Աբրահամյանն ասել է, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում չէր կարող հայտարարվել, քանի որ նա մինչեւ վերջերս գտնվել է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության ներքո: 

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություններ էր արել ՝ պատմելով, որ աջակցել է մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Ըստ նրա՝ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից եւ նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին իրեն էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար:

Ինչպես նշել է Գոռ Աբրահամյանը՝ Բորիս Ավագյանը որպես մեղադրյալ ներգրավված է փողերի լվացման հետ կապված ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործում:

«Դատախազությունից որեւէ միջնորդություն Ռուսաստանի դատախազությանը նրան այնտեղ արգելանքի վերցնելու հետ կապված չի ներկայացվել: Նրա կատարած հայտարարությունները իրականության հետ կապ չունեն: Ոչ պաշտոնապես տեղեկացված ենք, որ նա գտնվում է ՌԴ-ում , այդ կապակցությամբ առերեւույթ ապօրինի սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սկսվել է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում տվյալներ են առկա, որ ՌԴ-ում եւս քրեական գործ է քննվում, որի շրջանակներում նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու հայտարարվել հետախուզում: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ արգելանքը կիրառվել է ՌԴ-ում քննվող այդ գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է նրա այն հայտարարություններին, թե ինչ-որ հանցավոր սխեմաների, մեխանիզմների հետ է առնչություն ունեցել, Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ, այդ հայտարարությունները վարույթ իրականացնող մարմին է ուղարկվել իրեն վերաբերող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,-նշել է գլխավոր դատախազի խորհրդականը:

Հավելենք, որ Գոռ Աբրահամյանը 2018-ից հարուցված ու քննվող փողերի լվացման գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդեց:

  • Կիսվել: