Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան
Տպավորիչ կլիներ, մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է: Այս մասին, յսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթացող դատավարության ժամանակ հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, ով հանդես է գալիս պաշտպանական ճառով:
«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյո՞ք այս դեպքում էլ է այս նպատակը»,- նշեց նա:
Թովմասյանի խոսքով, եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց, ինքն այդ նպատակին արդեն հասել է, առանց որևէ խոսք ասելու, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն:
«Չի կարելի մտնել դասարան ու երկար ապացուցել, որ 1+1=2: Այս առումով ավելի տպավորիչ կլիներ, եթե ես մտնեի դահլիճ, պահեի մի հատ մաքուր թուղթ, կանգնեի 5-10 րոպե ու համարեի, որ իմ պաշտպանական ճառն ավարվտված է, ու ես կարող եմ գնալ»,- ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական հետապնդում: