կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Փոխադրամիջոցի սեփականատերը կազատվի գույքահարկից, եթե հանցագործության հիմքով այն իր տիրապետումից դուրս է. նախագիծ

Փոխադրամիջոցի սեփականատերը կազատվի գույքահարկից, եթե հանցագործության հիմքով այն իր տիրապետումից դուրս է. նախագիծ

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի սեփականատերը կազատվի գույքահարկից՝ հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը: Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հունվարի 22-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է, և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարացվել ևս նոյն ժամկետով, եթե ստացվում է, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակում է գտնվել սեփականատրոջ տիրապետումից դուրս»,- ասաց նա՝ հավելելով, որ գույքահարկի պարտավորությունը դրվելու է հանցանք կատարած անձի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվեց՝ վիճակագրություն կա՞, թե քանի նման դեպք կա:

«Վերջին 5 տարիներին տարեկան միայն առևանգված և հափշտակված տրանսպորտային միջոցները 100-ի կարգի են: Բայց նաև լինում են խարդախության և շորթման արդյունքում [դեպքեր]. սրանք փոքր թվեր են»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարևորեց նախագիծը՝ նկատելով, որ կան նաև դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը առևանգված է, իսկ սեփականատերը շարունակում է գույքահարկ վճարել:

Անդրադառնալով 4 տարում արտակարգ դրության, պատերազմական, ռազմական գործողությունների ժամանակ գրանցված դեպքերին՝ պատգամավորը նկատեց, որ կան տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են ռազմական գործողությունների վայրում և անհետացել:

«Նաև ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում սեպտեմբերի 13-14-ի հարձակման ժամանակ, և այդ մարդկանց տրանսպորտային միջոցների վրա առ այսօր գույքահարկ է գոյանում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ չեն օգտագործում, չեն տիրապետում իրենց տրանսպորտային միջոցը»,- ասաց նա՝ առաջարկելով այս դեպքերի համար ևս դրույթ նախատեսել:

Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց՝ նմանատիպ դրույթ կա, համայնքը, ավագանին կարող են չեղարկել մեքենայի գույքահարկը, եթե մնացել է այլ երկրի տարածքում:

Արուսյակ Մանավազյանը մեկ այլ խնդրից խոսեց: Նշեց, որ հատկապես մարզերում ավտոմեքենայի օտարումը կատարվում է անօրինական ձևով, և նախկին սեփականատերը հաճախ հրաժարվում է կուտակված գույքահարկը վճարելուց: Նաև առաջարկեց նախատեսել մի դրույթ, համաձայն որի՝ առևանգված մեքենայի սեփականատերը առևանգման պահից չպետք է վճարի գույքահարկ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հաստատեց՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ հաճախ են դիմում այն հարցով, երբ ավտոմեքենան գողացված է, իսկ գույքահարկը կուտակվում է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկ այլ խնդիր մատնանշեց. լինում է, որ քաղաքացին դեռևս Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցած «гендоверенность»-ներով [գլխավոր լիազորագրով] օտարել է ավտոմեքենան, որն այլևս իրենը չէ, փաստացի չի կարող օգտագործել այն, բայց օրենքով սահմանված կարգով չի օտարել, ուստի շարունակում է վճարել դրա գույքահարկը: Պատգամավորն առաջարկեց միասնական լուծում գտնել նաև այս դեպքերի համար, և նախագիծը հետադարձ ուժով կիրառել նաև այդ դեպքերի վրա, հակառակ դեպքում կլինի տարբերակված մոտեցում:

Նարեկ Ղահրամանյանը և Արմեն Մկրտչյանը նշեցին՝ նման դեպքում կարող է իրավական խառնաշփոթ առաջանալ՝ նշելով, որ նախընտրելи է՝ օրենքը տարածվի ուժի մեջ մտնելուց հետո նման իրավիճակների վրա, և հետադարձ ուժ չունենա:

 

  • Կիսվել: