շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը:

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է սահմանադրությանը:

Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում։

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին է։

Այս տարվա փետրվարի 25-ին, երբ զինված ուժերի Գլխավոր շտաբը որոշեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վարչապետն իր հերթին նախագահ Սարգսյանին միջնորդություն ներկայացրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Արմեն Սարգսյանը, սակայն, հետ ուղարկեց միջնորդությունը Կառավարություն։ Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության արդեն երկրորդ անգամ ուղարկեց նախագահի աշխատակազմ։

Այդ անգամ Սարգսյանը, չստորագրելով առաջարկը, որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան, սակայն ոչ թե ազատման որոշման հարցով, այլ դրա համար հիմք հանդիսացած օրենսդրական նորմի սահմանադրականության խնդրով:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի որոշումն ուժի մեջ մտավ, և մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց պաշտոնից ազատված:

 

  • Կիսվել: