Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային ՀԸ-ի
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հանրային ՀԸ-ի՝ զրպարտության համար։ Հայցի առիթը ՔՊ նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:
Կարապետյանը հերքումից զատ պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել ՔՊ-ին և Հանրային ՀԸ-ին՝ հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։ Որպես ներողության տեքստ Կարապետյանը պահանջում է սահմանել հետևյալը․ «Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցվել են հրապարակային արտահայտություններ, որոնցով արատավորվել է Սամվել Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար ներողություն ենք խնդրում Սամվել Կարապետյանից»։
Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։


