երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ռոբերտ Քոչարյանի կալանքի քննարկումը միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին․ Իրավաբան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի քննարկումը միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին․ Իրավաբան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը Պուտինի և Փաշինյանի հանդիպման ընթացքում քննարկելու վերաբերյալ հայտարարությունը միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ ԵԱՀԿ որոշման համաձայն՝ նման «միջամտությունն» իրավաչափ է, եթե խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին։ «Մարդու իրավունքներն այլևս երկրի ներքին գործը չեն։ Եվրոպացի գործընկերները նաև բարձրացրել էին Նիկոլ Փաշինյանի կալանքի հարցը, և նա ազատ արձակվեց, իմ կարծիքով՝ ոչ իրավաչափորեն, քանի որ նրանք շեշտադրում էին քաղաքական դրդապատճառները», - նշել է փաստաբանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նկատել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը միջամտություն չէ թեկուզ այն պատճառով, որ եթե այդպես լիներ, ապա Փաշինյանի մամուլի քարտուղարն անմիջապես կհայտարարեր, որ «սա միջամտություն է, և իրենք չեն պատրաստվում դա քննարկել»։

  • Կիսվել: