շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քանի՞ զանգ եք ստացել այս կամ այն որոշումը կայացնելու համար, քանի՞ անգամ եք կաշառք վերցրել․ Գեղամ Նազարյանը՝ Արմեն Դանիելյանին

Քանի՞ զանգ եք ստացել այս կամ այն որոշումը կայացնելու համար, քանի՞ անգամ եք կաշառք վերցրել․ Գեղամ Նազարյանը՝ Արմեն Դանիելյանին

2021 թվականի նոյեմբերի 15-ին Դուք ակնհայտ ապօրինի որոշում կայացրիք, որի հետևանքով մարդը մնաց անազատության մեջ և ազատ արձակվեց միայն Սահմանադրական դատարանի՝ դեկտեմբերի 10-ի որոշումից հետո։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ միաժամանակ հարց ուղղելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, թե ինչ է արել վերջինս նման որոշում կայացնելուց հետո։

«Սահմանադրական դատարանի այդ որոշումից հետո Դուք աշխատանքից ազատման դիմում ներկայացրի՞ք ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու համար, զանգեցի՞ք այդ մարդում, ով ԱԺ պատգամավոր էր, և ներողություն խնդրեցի՞ք, ասացի՞ք, որ Ձեր գիտելիքները չէին բավարարում ճիշտ որոշում կայացնելու համար, Ձեր ընտանիքի անդամներին ասացի՞ք, որ զղջում եք՝ ակնհայտ ապօրինի որոշում եք կայացրել։ Եվ այսօր, երբ գալիս էիք ԱԺ, ի՞նչ էիք մտածում, եթե Արթուր Սարգսյանն այստեղ նստած լիներ, ներողություն կխնդրեի՞ք, թե կասեիք՝ լավ եմ արել ապօրինի որոշում եմ կայացրել, որի համար պատասխան չեմ տվել, և դրա համար այսօր շտապում եմ Վճռաբեկ դատարան, որ այնտեղ ևս կատարեմ ակնհայտ ապօրինի որոշումներ», - ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով Դանիելյանին։

Արմեն Դանիելյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ իր առաքելությունն էր իրականացնում։

«Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված հանգամանքին՝ նշված գործով իմ կողմից դատական ակտ կայացնելուն, ապա ելնելով իմ վարքագծի կանոնների մեջ մնալու նկատառումներից՝ ես ձեռնպահ կմնամ Ձեր հարցին պատասխանելուց։ Միայն կարող եմ ասել, որ իմ կողմից կայացված դատական ակտը մատչելի է հանրությանը, իմ դիրքորոշումն այդ դատական ակտում հայտնել եմ և ես իմ առաքելությունն եմ իրականացնում», - ասաց նա։

Արձագանքելով պատասխանին Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ առաջին անգամ չի պատասխանի նման արձագանքին, ապա ևս մի հարց տալու ցանկություն հայտնեց՝ ընդգծելով, որ միշտ ցանկացել է այս հարցն ուղղել դատավորներին։

«Դուք Ձեզ մոտ վիճակագրություն ունե՞ք՝ քանի՞ անգամ եք բարձր պաշտոնյաներից 2002 թվականից սկսած զանգ ստացել այս կամ այն որոշումը կայացնելու համար, քանի՞ անգամ եք կաշառքի առաջարկ ստացել, քանի՞ անգամ եք վերցրել, քանի՞ անգամ եք մերժել», - ասաց պատգամավորը՝ հավելելով՝ արդյոք Արմեն Դանիելյանը նոթատետրում նման նշումներ արել է, թե ոչ։

Պատասխանելով հարցին՝ Դանիելյանն ընդգծեց, որ մատնանշած հարցադրումների համատեքստում ինքը երբեք չի եղել ու չի լինի։

«Ինչ վերաբերում է մնացածին՝ հետևաբար, եթե ես չկամ նման երևույթներում, բնականավար վիճակագրություն վարելու անհրաժեշտություն էլ չկա։ Կոռեկտությունից ելնելով զերծ կմնամ ձեր հարցին պատասխանելուց», - եզրափակեց նա։

  • Կիսվել: