Քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է 45 հազար ԱՄՆ դոլար
Դատախազը 2023 թվականի հունիսի 9-ին հաստատել է քաղաքացի Մ.Ս.-ի խախտված իրավունքների գործով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից:
«Հիշեցնենք, որ քաղաքացի Մ.Ս.-ն 2022 թվականի մայիսին Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել՝ դժգոհելով անարդարությունից, հովանավորչությունից՝ խնդրելով քայլեր ձեռնարկել իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ
Դատախազության կողմից միջոցներ էին ձեռնարկվել՝ տևական ժամանակ քննվող քրեական վարույթով առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզվել էր և հարուցվել հանրային քրեական հետապնդում:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Մ.Կ.-ն, դիտավորությամբ խեղաթյուրելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, ինչպես նաև չունենալով որևէ բիզնես սկսելու կամ ձեռնարկելու նպատակ և շահավետ գործունեություն ծավալելու իրական հնարավորություն, 2019 թվականի հուլիսի 11-ին խարդախությամբ հափշտակել է Մ.Ս.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 45 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 21 մլն 375 հազար դրամը:
Բացի այդ, Մ.Կ.-ն խաբեությամբ և քաղաքացի Վ.Տ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, չունենալով զեղչով կամ որևէ այլ արտոնյալ պայմաններով ձեռնարկատիրական նպատակներով ծխախոտ ձեռք բերելու և շահավետ պայմաններով վաճառելու հնարավորություն, ներդրում կատարելու պատրվակով 2019 թվականի օգոստոսին Վ.Տ.-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 450 հազար դրամ:
Մեկ այլ դրվագով՝ Մ.Կ.-ն, 2019 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքացի Հ.Թ.-ի հետ՝ վերջինիս օժանդակությամբ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: Մ.Կ.-ի հանձնարարությամբ Հ.Թ.-ն մինչև 2020 թվականի մայիս ամիսը այլ անձանցից վերցրել է առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և իրացնելու նպատակով այն փոխանցել է Մ.Կ.-ի մատնանշած անձանց:
2023 թվականի հունիսի 6-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ Մ.Կ.-ի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) (2 դրվագ), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունը, իրացումը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: