Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկում կիրառելու պահանջով. Գրիգոր Մինասյան
Կա դատարանի վճիռ, որ Առուշ Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ. երկու տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս քաղաքապետը, կամ ավագանին, իմ գնահատմամբ, ունի լիազորություն անվստահություն հայտնելու՝ հենց այդ հիմքի վրա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Գրիգոր Մինասյանի խոսքով, քանի որ Առուշ Առուշանյանը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, Պրոբացիայի ծառայությունը դատարան է դիմել՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկում կիրառելու պահանջով։
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կապված ունենք երեք մասից բաղկացած դատական վճիռ, սակայն նա համաձայն չէ վճռի այն հատվածի հետ, ըստ որի նա չպետք է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնի։ Տուգանքը վճարել էր, մնացած մասերով էլ էր համաձայնել։ Հենց Սյունիքի մարզի Պրոբացիայի ծառայություն էր ներկայացել։ Իր փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որոնց հետ ես՝ որպես նախարար, համաձայն չեմ, բայց այս պահին ունենք ընթացիկ դատական գործ, այդ պատճառով հատուկ կարծիք չեմ ուզում ասել»,–ասաց նախարարը՝ առաջարկելով սպասելով սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք նիստին։
Գրիգոր Մինասյանի խոսքով, դատարանը բավարարել է Պրոբացիայի ծառայության բողոքը։
«Պրոբացիայի ծառայությունը ծանուցել էր ավագանուն, որ կա դատարանի վճիռ՝ Առուշ Առուշանյանը չի կարող այսուհետ հանդես գալ որպես քաղաքապետ։ Ավագանին ներկայացրել էր, որ իբրև թե չունի նման լիազորություն, սակայն դատարանը ճիշտ էր համարել Պրոբացիայի ծառայության գործողությունները»,–ասաց նա՝ հավելելով, որ ի վերջո դատարանն է որոշելու Առուշանյանը մնա՞ Գորիսի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։
Արդարադատության նախարարի խոսքով, Առուշ Առուշանյանի հետ կապված դատական գործում քաղաքական որևէ բաղադրիչ չկա. դրանք իրավական գործընթացներ են։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Դատական ակտը մտել է ուժի մեջ, սակայն Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։