շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փորձագետներն օր ու գիշեր քննիչների հետ աշխատում են հանցագործությունների բացահայտման համար. Սասուն Խաչատրյան

Փորձագետներն օր ու գիշեր քննիչների հետ աշխատում են հանցագործությունների բացահայտման համար. Սասուն Խաչատրյան

20 տարիների ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոն բավականին լուրջ ճանապարհ է անցել մեր երկրում դատական փորձաքննությունների ոլորտի հնարավորությունները զարգացնելու, իր գործողությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Այսօր Բյուրոն կարող է հպարտանալ մեր երկրում դատական փորձաքննությունների բնագավառում իր կայացվածությամբ, ժամանակակից գիտատեխնիկական ձեռքբերումներով եւ առաջադեմ արդյունքներով: Բնական է, որ այդ  ամենը չի աշխատի, եթե չլինեն իրենց գործին նվիրված  պրոֆեսիոնալ փորձագետներ»,-ասաց նա:

Սասուն Խաչատրյանի խոսքով, այսօր հայ փորձագետներն իրապես կատարում են անգնահատելի, գերծանրաբեռնված  աշխատանք՝ նպաստելով հանցագործությունների բացահայտմանն ու օբյեկտիվ քննության իրականացմանը. «Նրանք հաճախ օր ու գիշեր հավասարապես աշխատում են քննիչների հետ իրենց անուրանալի ներդրումը ունենալով արդարադատության իրականացմանն օժանդակելու հարցում: Իրականում բարդ գործերի քննության ընթացքը երբեմն անհնար է պատկերացնել առանց փորձագիտական հմտությունների կիրառման: Որոշ դեպքերում փորձագետի եզրակացությունը կարող է վճռորոշ լինել գործի ճիշտ հանգուցալուծման համար»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: