շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը:

Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին, ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս: Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: