շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարեկը Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ թմրանյութ օգտագործելու դեպքի էր ականատես եղել

Պարեկը Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ թմրանյութ օգտագործելու դեպքի էր ականատես եղել

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մի քանի դեպք: Պարեկներից մեկը Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ թմրանյութ օգտագործելու դեպքի էր ականատես եղել: Նա կապ էր հաստատել ոստիկանության մոտակա բաժին և հայտնել այդ մասին: Անմիջապես նշված վայր էին մեկնել Վաղարշապատի և Կոտայքի մարզի պարեկները: Նրանք հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին էին տեղափոխել Երևանի 27-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 9 սմ շեղբի երկարությամբ դանակ և կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ:

Ձերբակալվածը հայտնեց, որ փաթեթում թմրանյութ է, ձեռք է բերել Տելեգրամ հավելվածով:
Մայիսի 14-ին Կոտայքի պարեկները Հրազդան-Բջնի ճանապարհին ծառայության ժամանակ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել Արզականի 25-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով փաթեթ և օգտագործված երկու կաթուցիչ:

Նույն օրը Երևան-Սևան ճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, պարեկները հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու: Իրավապահները տեղեկություններ ունեին, որ նրա մոտ սառը զենք կա: Բաժնում կատարված խուզարկությամբ հրազդանցի տղամարդու մոտ հայտնաբերվեց 9 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

 

  • Կիսվել: