շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ոստիկանության տեսանյութը՝ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Ոստիկանության տեսանյութը՝ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:

Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ հիվանդանոցային ահազանգից մոտ կես ժամ առաջ. նրա կրծքին ու պարանոցին դանակի հարվածներ էր հասցրել մի երիտասարդ, որի միայն անունն էր հայտնի:

Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա գործողություններով պարզվեց, որ դանակահարողը 29-ամյա երիտասարդ է` հաշվառված նույն գյուղի նույն փողոցում: Նրան հայտնաբերելու հարցում օգնության եկան քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները: Նույն օրը, ժամը 17.30-ին, 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Երևանի Տիտոգրադյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց նախաքննական մարմին:

Հանցագործության գործիք կենցաղային դանակը հայտնաբերվել է:

Դատարանի որոշմամբ դանակահարողը կալանավորվել է:

Երիտասարդների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: