շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը

Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի եթերում տեղի ունեցել քննարկում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման օրենսդրական կարգավորումների շրջանակում։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է հիմնական դրույթները․

• Գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները։

• Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են նրա լիազորություններից և գործիքակազմից։

• Սահմանվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ստանդարտ՝ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի կիրառման դեպքերի, հիմքերի և համաչափության մասով:

• Կրթությունը անկյունաքարային բաղադրիչ է, և Գվարդիայում ծառայության հավակնելը ենթադրում է պարտադիր պատրաստվածության ուսումնական գործընթաց։ Օրենքում ամրագրված է նաև Գվարդիայի ծառայողների համար պարտադիր տարեկան վերապատրաստում։ Առաջիկայում նախատեսվում է հիմնական կրթական ծրագիր, որն անցնելուց հետո միայն հնարավորություն կտրվի ծառայության անցնել Ոստիկանության գվարդիայում։

• Ոստիկանության գվարդիայի ծառայողների համար նախատեսված են սոցիալական երաշխիքներ։ Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու նաև ատեստավորման գործընթացին՝ ունենալով վարձատրությունը բարձրացնելու հնարավորություն։

• Առաջիկայում կմեկնարկի մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման հայեցակարգային ծրագիր, որտեղ ներառված կլինեն նաև ոստիկանության ծառայողների կոմպետենցիաների որոշակիացման հարցեր։

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականի:

  • Կիսվել: