ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանության բոլոր ծառայողները ատեստացիաների միջոցով կստանան նաև հավելավճարներ. Նոր նախագիծ

Ոստիկանության բոլոր ծառայողները ատեստացիաների միջոցով կստանան նաև հավելավճարներ. Նոր նախագիծ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում հավանություն տվեց օրենսդրական նախագծերի փաթեթին, որով նախատեսում է ոստիկանության բոլոր ծառայողներին ատեստացիաների միջոցով ստանալ նաև հավելավճարներ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով ոստիկանության գործառույթների տիրույթում առկա մարտահրավերները՝ հրամայական է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով ոստիկանությունում ծառայությունը, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ ոստիկանության ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային դրույթների հիման վրա:

1.Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից:

2.Ատեստավորման ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

3.Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից: Բացառություն են կազմելու միայն բարձարգույն խմբի պաշտոն զբաղեցնող Ոստիկանության ծառայողները, ինչպես նաև այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ։

4.Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կազմվելու են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժանման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:

5.Ծառայողների՝ ատեստավորմանը մասնակցելու հերթականությունը որոշվելու է անվան և ազգանվան այբբենական հաջորդականությունից ելնելով: Անհրաժեշտության դեպքում կարող են սահմանվել հերթականության որոշման այլ չափորոշիչներ:

6.Պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգը և պայմանները կարող են լինել տարբերակված…

Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության եռամյա ժամկետում, տրվելու է առնվազն ևս երկու ատեստավորման հնարավորություն, որի ընթացքում ծառայողին կտրվի մեկ անգամ վերապատրաստման հնարավորություն։

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում»:

  • Կիսվել: