հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Ոստիկանները փորձել են վտարել Արզաքանցյանի նախկին կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին. նա դատարան է դիմել

Ոստիկանները փորձել են վտարել Արզաքանցյանի նախկին կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին. նա դատարան է դիմել

Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, պահանջելով պարտավորեցնել իրավապահներին ձեռնպահ մնալ իրեն Երևանի Հ. Բաբայան փողոցի 2/2 բնակելի տնից վտարելուն ուղղված գործողություններ կատարելուց։

Ռոտենբերգը պահանջում է անվավեր ճանաչել Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի անվամբ Երևանի Հ. Բաբայան փողոցի թիվ 2/2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործն, ըստ էության, լուծող դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել նոյեմբերի 3-ը։

Ռոտենբերգը սեպտեմբերի 17-ին դատարանին միջնորդություն էր ներկայացրել վարչական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Վարույթը կասեցնելու վերաբերյալ Ռոտենբերգի միջնորդությունը կապված է մեկ այլ քաղաքացիական գործի հետ, որի շրջանակում ներկայացվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ շինծու գործարքի անվավերության հիմքերի կիրառման պահանջ։

Դատարանը գտել է, որ քաղաքացիական գործի քննությունը չի բացառում ոստիկանության կողմից հնարավոր վտարման գործողությունների իրավաչափությունը վարչական գործով առանձին քննելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Արզաքանցյանն ու Ռոտեմբերգը պաշտոնապես ամուսնալուծվել էին այս տարվա հուլիսի 10-ին։ Նրանք ամուսնացած էին 8 տարի։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ինչի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արզաքանցյանը հերքել է այս մեղադրանքները։

  • Կիսվել: