չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Բացատրական աշխատանքի հիմքում նաև այն փաստն է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

«Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արթիկ-Նոր Կյանք ճանապարհի հարակից ջրատարների մոտ։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է գնդացիր, գնդացրի շղթա՝ լիցքավորված 25 փամփուշտով, լիցքավորված պահեստատուփով «Մակարով» տեսակի ատրճանակ, «Ջ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչներով, 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ։

Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Աշոցքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքը շարունակվում է առավել հետևողականությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: