ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագծերով՝ կարգավորվում են սնանկության ոլորտին առնչվող և հակակոռուպցիոն դատարանի գործունեությունը վաղաժամկետ ծավալելու վերաբերյալ հարցեր

Նախագծերով՝ կարգավորվում են սնանկության ոլորտին առնչվող և հակակոռուպցիոն դատարանի գործունեությունը վաղաժամկետ ծավալելու վերաբերյալ հարցեր

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել լրամշակված երկու օրենսդրական փաթեթի:

Առաջին փաթեթով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում կատարել լրացումներ, որոնք հնարավորություն են տալու սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտներում վերահսկողություն:

Հստակեցվում է Տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումների հետ կապված տեղեկատվության ներկայացման ժամկետը:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում, որի արդյունքում սույն թվականի հունիսի 15-ից Վերաքննիչ քրեական եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ դրանց քննությունը կտրվի նեղ մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական փոփոխություն, որն ընդունվել է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով օրենսդրական փաթեթը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարեւորագույն քայլերից մեկն է:

 

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունումը, նշել է, որ այն կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը:

  • Կիսվել: