շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԻՊ-ի նախագահությամբ կայացել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի նիստը

ՄԻՊ-ի նախագահությամբ կայացել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի նիստը

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որի կազմում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Նիստին մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Իրենց ելույթներում պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, որոնք արձանագրվել են պաշտպանի գործունեության ընթացքում:

Պաշտպանը նշել է, որ խորհրդի ստեղծման առաջնային նպատակն է հասարակության և պետական մարմինների կողմից մշտական ուշադրության տակ պահել հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները և համատեղ ջանքերով նպաստել դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը:

Պաշտպանը հույս է հայտնել, որ խորհրդի և պետական լիազոր մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ կարձանագրվեն դրական արդյունքներ հասարակության տվյալ խմբի իրավունքների իրացման և դրանց պաշտպանության բնագավառում:

Խորհրդի անդամները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, կրթության իրավունքի, զբաղվածության ապահովման, ֆիզիկական միջավայրի մատչելիության հետ կապված և մի շարք այլ հարցեր: Խորհրդի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդի հետագա աշխատանքների շուրջ՝ նախանշելով առավել հասցեական և կոնկրետ գործողություններ:

  • Կիսվել: