Մենք պատահական չենք տեսնում այս բլոկադան, սա ցեղասպանության վաղ արձագանք է, վաղ ազդանշան․ ՀՀ ՄԻՊ
Արդեն երեք օր է, որ այս բլոկադան, ըստ էության, շարունակվում է։ Անձինք երկուստեք՝ և՛ ՀՀ -ի կողմից, և՛ Արցախի կողմից սահմանափակված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքում։ Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը․
«Հումանիտար խնդիրներ են առաջացել մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, մարդիկ զրկված են արժանապատիվ նվազագույն կենսամակարդակ ունենալու հնարավորությունից, հաշմանդամություն ունեցող անձինք առանձնահատուկ դժվարին իրավիճակում են հայտնվել։ Այսինքն՝ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների ամբողջական սպեկտորը վտանգված է»։
Հարցին, թե ինչ է անում և ինչ է պատրաստվում անել ՀՀ ՄԻՊ գրասենյակը, նա պատասխանեց․ «Ժամեր հետո կհրապարակենք Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ զեկույցը, որտեղ կներկայացնենք իրավիճակը, նաև կվերլուծենք միջազգային իրավական պարտավորությունների լույսի ներքո ադրբեջանական կողմից իրականացվող, շարունակվող խախտումները։ Հաջորդիվ, բնականաբար, մեր հետևությունները, փաստերը պետք է ներկայացնենք մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող հաստատություններին, կազմակերպություններին, նաև առանձին պետությունների դերակատարներին, կառավարությունններին՝ ուշադրություն հրավիրելով այս հարցին։ Մենք պատահական չենք տեսնում այս բլոկադան, սա տրամաբանական, հաջորդական քաղաքականության օրինակ է, որի իմաստը Արցախի հայաթափումն է, Արցախի ժողովրդի բնաջնջումն է, սա, ըստ էության, ցեղասպանության վաղ արձագանք է, վաղ ազդանշան է»։
«Մի քանի պետություններ արտահայտել են իրենց դիրքորոշումը, նաև որոշակի առումով հասցեական նկարագրել են իրավիճակը և ամենակարևորը՝ վերահաս աղետի մասին նշում են կատարել,մյուս ուղղություններով պիտի մենք շարունակենք աշխատել»,- նշեց Գրիգորյանը։