շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լուսինե Ավետյանին «Աբովյան» ՔԿՀ-ում տարրական պայմաններից զուրկ մեկուսարան էին տարել, որ հոգեբանորեն ճնշեն. պաշտպան

Լուսինե Ավետյանին «Աբովյան» ՔԿՀ-ում տարրական պայմաններից զուրկ մեկուսարան էին տարել, որ հոգեբանորեն ճնշեն. պաշտպան

Եթե այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացույցը, որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ, մինչ այս պահն ասում էին` Ավետյանի ցուցմունքն է, բոլորի աչքի առջեւ այդ փուչիկը տրաքեց: Այս մասին Գորիսի համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` անդրադառնալով Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի` դատարանում արած այն հայտարարությանը, որ Առուշանյանի դեմ իր տված մեղադրական ցուցմունքը կեղծ է եղել, եւ որ ինքը սուտ ցուցմունք է տվել` ակնկալելով, որ իրեն ազատ կարձակեն կալանքից:

«Փառք ու պատիվ Լուսինեին, որ նման քաջություն եւ ուժ գտավ իր մեջ, կանգնեց ու պատմեց ճշմարտությունը, տակը ոչինչ էլ չմնաց: Բայց որոշ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն` 5 ամիս է` այս ցուցմունքի հիման վրա Առուշանյանը ցուցմունքի տակ էր, ով ա դրա համար պատասխան տալու, առերեսման ժամանակ Լուսինե Ավետյանն ասել էր` երբ կինը ՔԿՀ-ում է հայտնվում, մոռանում է Աստծո գոյության մասին` ըստ էության ասելով, որ իր տված մեղադրական ցուցմունքները կեղծ են, բայց դրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ես ամիսներ շարունակ սրա մասին էի բարձրաձայնում: Մարդը պարզ ասաց` հասկացել է, որ ոչ թե ինքն է թիրախը, այլ Առուշանյանը, եւ կեղծ ցուցմունքներ տվել է, որպեսզի դուսր գա կալանավայրից, փրկի իր կյանքը:

Ես շատ լավ եմ հասկանում Լուսինեին, անկեղծ եմ ասում` էսօր Լուսինեի արածն ինձ համար հերոսությանը հավասար քայլ էր, հարցեր տվեցին` արդյոք չի վախենում հիմա, մարդն ասաց` չի ուզում այդ կեղծիքով ապրել, եւ պատմեց, թե ինչ է կատարվել իրականում»,- նշեց փաստաբանը:

«Երբ նախաքննության ժամանակ Լուսինե Ավետյանի եւ Առուշ Առուշանյանի միջեւ առերես հարցաքննություն է կատարվել, տիկին Ավետյանը բանավոր կարգով հայտարարել է` երբ կինը քրեակատարողական հիմնարկում է հայտնվում, մոռանում է Աստծո գոյության մասին: Այս հայտարարությունը պարոն Առուշանյանի պաշտպանների կողմից արձանագրվել է, այսինքն, այդ ժամանակ դեռ նա ասել է, որ ՔԿՀ-ում հայտնվելու պատճառով է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տվել: Տիկին Ավետյանը շատ մանրամասն նկարագեց, թե «Աբովյան» ՔԿՀ-ում իրեն ինչ մեկուսարան են տարել, եւ հետագայում հեռուստատեսությամբ տեսել է, որ բավական բարվոք պայմաններ ունեցող մեկուսարաններ կան նույն ՔԿՀ-ում, այնինչ իրեն տարել էին տարրական պայմաններ չունեցող մեկուսարան, որտեղ անգամ ջուր էր կաթում: Կարծում ենք` ի սկզբանե դիտավորյալ են դա արել, որպեսզի, որպես իգական սեռի ներկայացուցիչ, հոգեբանական ճնշման ենթարկվելով` կեղծ ցուցմունք տա, եւ այդպես էլ եղել է: Նախաքննության ժամանակ նա երկու անգամ ցուցմունք է տվել, բայց դրանք մեղադրանք բնույթի չեն եղել, իսկ մեղադրական բնույթի տվել է` արդեն մտածելով, որ դրա շնորհիվ կալանքից ազատ կարձակեն»,-  այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ավետյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

  • Կիսվել: