երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որը հայտնի է Ալրաղացի Լյովիկ մականունով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ, PrimeNews.am-ին տեղեկացրին ԱԱԾ լրատվական կենտրոնից:


«Լևոն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է», -ասացին ԱԱԾ լրատվականից՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունը, թե հնարավոր է ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված Լևոն Սարգսյանը չարտահանձնվի Հայաստան:


Հիշեցնենք՝ Լևոն Սարգսյանը ձերբակալվել էր ՌԴ-ում նոյեմբերի 21-ին: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա ՌԴ իրավապահները որոշել են 40 օրով կալանավորել Սարգսյանին:
15 տարի առաջ կատարած հանցագործության համար Լևոն Սարգսյանի նկատմամբ մեղադրանքները ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով առաջադրվել էին միայն 2018-ի ամռանը՝ իշխանափոխությունից հետո: Մինչ այդ նա համարվում էր իշխանությունների սիրելին ու նրան ներվում էր ամեն ինչ:


Դեռևս 2018-ի ամռանը ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Լևոն Սարգսյանը եղել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքի պատվիրատուն: Այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011-ի մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

Արդեն իշխանափոխությունից հետո Արթուր Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ի կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, որը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

  • Կիսվել: