ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղությանն ուղղված գործողություններ անելիս չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը չի նվազեցրել Արցախը, Հայաստանը, Սփյուռքը ավիրելու, ոչնչացնելու քաղաքականությունը․ Թաթոյան

Խաղաղությանն ուղղված գործողություններ անելիս չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը չի նվազեցրել Արցախը, Հայաստանը, Սփյուռքը ավիրելու, ոչնչացնելու քաղաքականությունը․ Թաթոյան

Ինձ համար էլ խաղաղությունը մեծ նշանակություն ունի, ինձ համար էլ, երևի թե, դժվար է գտնել խաղաղության համար ժամանակաշրջան՝ 3 ամսի՞ց սկսենք, 6 ամսի՞ց, թե՞ 7, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» ՀՀ իշխանությունների օրակարգի առնչությամբ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց՝ խաղաղություն հաստատելու գործընթաց սկսելիս կարևոր է հաշվի առնել, թե ի՞նչ է մտածում ու անում հակառակ կողմը․ իսկ Ադրբեջանում խորքային, ինստիտուցիոնալ թնաշամանքի քաղաքականություն է վարվում։ Ադրբեջանի նախագահը, փոխվարչապետը, տարբեր պաշտոնյաներ, բարձրաստիճան զինվորականներ հայտարարություններ են անում՝ ուղիղ ասելով, որ հպարտանում են, որ մեծացրել են թշնամի հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդ։

«Միջազգային կառույցները, դեսպանները, հատկապես դրսում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ինձ ասում են՝ լավ, բա ո՞նց անենք, երկու ժողովուրդներն, ի վերջո, պե՞տք է ապրեն խաղաղ։ Ասում եմ՝ իհարկե, պետք է ապրեն խաղաղ, սա հո բնակարա՞ն չէ, որ մի կողմը վաճառի այդ բնակարանը, թողնի, գնա։ Բայց մենք ունենք ադրբեջանական իշխանությունների քաղաքականություն, որոնց համար նրանք պատժված չեն․ պատերազմական հանցանքների կազմակերպում, խախտումներ, զինված ծառայողներ, որոնք պատերազմական հանցանքներ են կատարել և պատասխանատվության չեն ենթարկվել։ Սա մեծ գործոն է», - ասաց Արման Թաթոյանը։

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի, խաղաղությանն ուղղված իր քայլերում Հայաստանը չպետք է մոռանա Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության հիմնական նպատակադրումների մասին։

«Քանի դեռ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը կա, ատելությունը խրախուսվում է պետական բարձր մակարդակով, մենք պետք է երբեք սա չմոռանանք և մեր խաղաղությանն ուղղված գործողությունները պետք է միշտ առաջ տանենք՝ մեր մտքում, մեր գործողություններում, ամեն ինչում իմանալով, որ կա պետություն, որը մի գրամ անգամ չի նվազեցրել Արցախը, Հայաստանը, նաև Սփյուռքը ավիրելու, ոչնչացնելու քաղաքականությունը», - ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը։

  • Կիսվել: