Խաչատուր Սուքիասյանի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց փաստաբան Գոռ Միքայելյանը:
Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել է հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ:ա
Միքայելյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։
Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին, ինչից հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։
Ինչ վերաբերում է Սուքիասյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ վերջինիս մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, ինչպես նաև՝ փոփոխվել է Սուքիասյանի մեղադրանքի նկարագրությունը։
Մասնավորապես, Սուքիասյանի մեղադրանքի նախնական նկարագրության համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանն ի սկզբանե եղել է դեպքի վայրում, իսկ այժմ քննչական մարմինը փոփոխել է նկարագրությունը, համաձայն որի՝ Սուքիասյանն ի սկզբանե դեպքի վայրում չի եղել, պատահական անցնելիս տեսել է միջադեպը և կանգնել։
Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական գործող նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։