երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կարևորվել է մասնավոր հատվածի ներգրավվածությունը ոչ միայն հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այլև՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը

Կարևորվել է մասնավոր հատվածի ներգրավվածությունը ոչ միայն հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այլև՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» խորագիրը կրող Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովին:

ԱՆ-ից հայտնում են, որ արդարադատության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին (CIPE), Կորպորատիվ կառավարման կենտրոնին` համաժողովը կազմակերպելու, ինչպես նաև կորպորատիվ մշակույթի և հակակոռուպցիոն համապատասխանության ուղղություններով Հայաստանում իրականացվող շարունակական աշխատանքների համար: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կարեն Կարապետյանը նշել է, որ մասնավոր և գործարար հատվածում լիարժեք կորպորատիվ կառավարման համապատասխանության ժամանակակից լուծումների ներդրումը և երկրում բիզնեսի համար թափանցիկ խաղի կանոնների սահմանումն ու բյորոկրատական խոչընդոտների վերացումը գտնվում են Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական գործողությունների շարքում: Հետևապես 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ ներառվել և իրականացվել են գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանմանը, գնումների ոլորտի կատարելագործմանը, իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրմանը, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործմանն ուղված մի շարք միջոցառումներ:

Կարապետյանը նաև նշել է, որ այս միջոցառումները լինելու են շարունակական և զարգացվելու են ներկայումս մշակման փուլում գտնվող 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում:

Կարեն Կարապետյանը կարևորել է մասնավոր հատվածի ներգրավվածությունը ոչ միայն հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այլև՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը՝ որպես օրինակ վկայակոչելով Հակակոռուպցիոն ռազմավարության մշակող աշխատանքային խմբում մասնավոր հատվածի քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը և վերջիններիս ակտիվ դերակատարումը:

  • Կիսվել: