երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբեւիցէ որեւէ իշխանության օրոք չի եղել․ Քոչարյան

Կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբեւիցէ որեւէ իշխանության օրոք չի եղել․ Քոչարյան

Կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբեւիցէ որեւէ իշխանության օրոք չի եղել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իրականացվող ձերբակալումներին եւ կալանավորումներին։

«Այս իշխանությունը հրաժարվեց այն սկզբունքից, որի դրոշների տակ եկել էր իշխանության։ Այս առումով, իսկապես, հետաքրքիր էր Հայկ Մարությանի ելույթը։ Երբ մենք ենք դա ասում, ընկալումը մեկն է, երբ իրենց թիմի կարկառուն ներկայացուցիչն է ասում, արժեքը՝ ուրիշ է, բայց նոր բան չասաց։ Ինչ կատարվում է կալանավորումների վերաբերյալ, խայտառակություն է։ Առաջինը՝ քրեականացումն է խոսքի ազատության հետ կապված, սա այն ձեռքբերումն էր, որը, իսկապես, կարելի է ձեռքբերում համարել ժողովրդավարացման գործընթացում, եւ կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբեւիցէ որեւէ իշխանության օրոք ուղղակի չի եղել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության օրոք ուժային կառույցները ՏԻՄ մարմինների աշխատանքին երբեւէ չեն մասնակցել։

«Չի եղել, որ նստեն ու ասեն՝ դու սա պետք է անես, դու՝ սա։ Այն ժամանակ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, որը կուսակցական էր, եւ կար շատ բնական ցանկություն կուսակցության կողմից մասնակցելու ամեն տեղ, ես միշտ զսպում էի, եւ ասում՝ նայեք, սա ՏԻՄ ընտրություն է, ով էլ ընտրվի, ցանկանալու է իշխանության, կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ։ Ով էլ ընտրվի, պետք է սկզբից էլ համարել, որ մեր բարեկամն է լինելու։ Պետք է ազատ թողնել, որ ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն է վայելում այդ համայնքում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իշխանությունը հանցանք է կատարում, բայց այդ հանցանքը կատարելիս հանցակից է դարձնում բազմաթիվ պաշտոնյաների։

«Ոչ մի իշխանություն հավերժ չի լինելու։ Պահ է գալու, որ բոլոր հանցակիցները  պատասխան են տալու այս ամենի համար։ Ենթադրում եմ՝ հրահանգ տվողը թռնելու է, իր մոտ լավ է ստացվում, բայց մյուսները մնալու են։ Ոչինչ այնքան չի մտերմացնում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը։ Հիմա մենք առնչվում ենք այս փաստին։ Մի գնացեք նման բաների։ Հասկանում եմ՝ հրահանգներ են տալիս, բայց ձեզ համար գիծ քաշեք, ասեք՝ այս գծից այն կողմ չեմ գնալու, որովհետեւ գալու է պահը, որ պատասխան ենք տալու։ Եվ, առհասարակ, վերջն այս ամեն ինչի շատ վատ է լինելու որոշ մարդկանց համար»,- եզրափակեց երկրորդ նախագահը։

  • Կիսվել: