հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջրային պարեկային ծառայության դիմորդներն ընտրվել են, նրանք ամռանը վերապատրաստում կանցնեն

Ջրային պարեկային ծառայության դիմորդներն ընտրվել են, նրանք ամռանը վերապատրաստում կանցնեն

Ազգային ժողովը քննարկեց Ջրային պարեկային ծառայության ներդրման օրենսդրական նախաձեռնությունը, որով Հայաստանում Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում: «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Նախագծերով առաջարկվում է անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի տարածքում ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման նպատակով, որը կարողանալու է հենց անմիջապես լճի մակերևույթին և առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայությունը, որն, իհարկե, կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից»,-ասաց Սարգսյանը:

Առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունը հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում իրավունք ունի կանգնեցնել լողամիջոցը եւ ստուգել նավավարման  իրավունքի վկայականը եւ լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաեւ առերեւույթ անսարքությունների առկայությունը:

Առաջարկվում  է սահմանել նաև, որ ոստիկանությունն իրավունքի ունի կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձանց, ստուգել հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը:

Ջրային պարեկային ծառայության հիմնական ֆունկցիան լինելու է ջրային ավազաններում և առափնյա հատվածներում, լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի ապահովումը, հովեկների և մնացած քաղաքացիների անվտանգության ապահովումը, արձագանքն իրավախախտումներին և պատահարներին, ապօրինի ձկնորսության դեմ կանխարգելիչ պայքարը, ջրային ավազաններում դժբախտ դեպքերի կանխարգելումը, խեղդվողներին փրկելը և այլն:

Այս պահին իրականացվում են ընթացիկ աշխատանքներ ծառայության ներդրման ուղղությամբ, նյութատեխնիկական հագեցվածության և մնացյալի առումներով: Սևանա լճի մասով ակնկալվում է ունենալ 4 հիմնական հենակետ, որ ջրային պարեկները կարողանան ծածկել ամբողջ մակերևույթը, նաև՝ առափնյա հատվածը:

Ջրային պարեկային ծառայության կազմ անցնելու նպատակով իրականացվել է ընդունելություն: Փոխնախարարի խոսքով՝ հիմնական շեշտը եղել են գործող պարեկները: «Սա ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն է: Եվ, հետևապես, չէինք կարող անփորձ անձանց ներգրավել այս ծառայությունում: Հետևաբար, ցամաքային հատվածում արդեն իսկ պարեկային ծառայության փորձառություն ունեցող անձանցից ենք ընտրել դիմորդներին, անցկացրել ստուգողական քննություններ, որ կարողանանք ստուգել նրանց լողալու, սուզվելու և այլ կարողությունները»,-ասաց փոխնախարարը:

Դիմորդներն արդեն ընտրվել են, հուլիս-օգոստոս ամիսներին դիմորդների համար կիրականացվի հատուկ վերապատրաստում:

  • Կիսվել: