ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ինձ համար անսպասելի էր, որ տենդերը հաղթեց «Ֆլեշ» ընկերությունը». հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով վկայի ցուցմունքը

«Ինձ համար անսպասելի էր, որ տենդերը հաղթեց «Ֆլեշ» ընկերությունը». հրապարակվեց Սերժ Սարգսյանի գործով վկայի ցուցմունքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հարցաքննվեց գործով վկաներից Կամո մելքոնյանը, որը հանդիսանում է «Կամո Օյլ» ՍՊԸ-ի տնօրենը:

Նա հայտնեց, որ շփում է ունեցել «MAX ՕՅԼ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Մանուկյանի հետ, այդ ժամանակ ինքը Պարսկաստանից դիզելային վառելիք էր ներկրում. «Խաչիկն ինձ ասաց՝ ինչ գներով կարող ես ապրանք բերես, ուզում եմ տենդերին մասնակցեմ, ես ասացի, որ էս-էս ձեւի ապրանքներ կարող եմ բերել, ասաց՝ վստա՞հ լինեմ, ասացի՝ այո, կարող եմ բերել: Խաչիկը մասնակցել է այդ տենդերին, իր ասելով ինքն է շահել տենդերը: Ասաց՝ մեքենաներ ունե՞ս, կարո՞ղ ես օգնել, ասացի՝ այո: 2010 թվականին կառավարության հրամանով վառելիքում ծծմբի պարունակությունը պետք է լինի 10, իսկ Պարսկաստանից բերվածը լինում էր բարձր՝ 500-1000: Խաչիկ Մանուկյանին տեղեկացրի՝ եթե ես բերեմ էլ, Պարսկաստանը 10 PM չի արտադրում: Հետո ինչ Խաչիկն ասաց՝ տենդերը հաղթել է Ֆլեշը»:

Գործով մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկայի տված ցուցմունքն էականորեն հակասում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքին: Դատարանը թույլատրեց հրապարակել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:

«2009-ից ես լիազորված եմ եղել Մաքսուր ընկերության սեփականատերերի կողմից փաստացի կառավարելու այդ ընկերությունը: Մեր ընկերությունը տարիներ շարունակ եղել է վառելիքի շուկայի խոշորագույն ներկրողներից եւ իրացնողներից մեկը:

Չեմ հիշում՝ ինչպես տեղեկացա գյուղատնտեսական այդ ծրագրի մասին: Մենք վստահ էինք, որ պայմանագիրը մեր ընկերության հետ պետք է կնքվի: ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարը վստահեցրել էր Խաչիկ Մանուկյանին, որ պայմանագիրը կնքելու է մեր ընկերության հետ: Ես նրանց խոսակցությունից մանրամասներ չգիտեմ: Հետագայում ինձ համար շատ անսպասելի ՀՀ կառավարությունը որոշեց գյուղացիներին մատչելի գներով դիզելային վառելիք մատակարարելու ծրագրի շրջանակներում մատակարարման պայմանագիրը կնքել Ֆլեշ ընկերության հետ: Ես չեմ պարզել՝ ինչու այդպես եղավ: Մենք մատակարարման համար ունեցել ենք անհրաժեշտ բոլոր պայմանները եւ տեխնիկական միջոցները: Մենք պատրաստ ենք եղել ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում եւ համայնքներում անհրաժեշտ քանակով դիզելային վառելիք մատակարարել, ունեցել ենք մեծ ավտոպարկ»:

Կամո Մելքոնյանը հայտարարեց, որ «MAX ՕՅԼ» ընկերության կողմից ներկրվելիք դիզվառելիքի որակն էապես տարբերվում էր որ «Ֆլեշ» եւ CPS ընկերությունների ներկրած վառելիքից՝ հօգուտ այդ ընկերությունների, սակայն նախաքննական ցուցմունքում ասել էր, թե չի տարբերվում:

Գործով վկայի հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստին կհարցաքննվեն գործով ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Աղբյուրը՝ news.am:

  • Կիսվել: