հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները

Ի՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները

Նախագծերով առաջարկվում են անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման նպատակով, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստի ընթացքում ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարի խոսքով Ոստիկանության համար պետք է նախատեսել որոշակի իրավունքներ, որոնք ծառայողները տեղում կկարողանան իրականացնել:

«Առաջարկվում է սահմանել «Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ծառայության ներկայացուցիչն իրավունք ունենա, կանգնեցնել լողամիջոցը եւ ստուգել նավավարման իրավունքի վկայականը եւ լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաեւ առերեւույթ անսարքությունների առկայությունը, իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձանց, ստուգել հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը, տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը, ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում»,- ասել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Ջրային պարեկային ծառայության հիմնական ֆունկցիոնալ բազան լինելու է ջրային ավազաններում եւ առափնյա հատվածներում՝ լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի եւ հովեկների ու մնացյալ քաղաքացիների անվտանգության ապահովումը, արձագանքը իրավախախտումներին ու պատահարներին, ապօրինի ձկնորսության ու որսի դեմ կանխարգելիչ պայքարը, ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումն ու խեղդվողներին փրկելը:

«Այս պահի դրությամբ Սեւանա լճի մասով ակնկալում ենք ունենալ 4 հիմնական հենակետ: Իրականացրել ենք ընդունելություն Ջրային պարեկային ծառայությունում, հիմնական շեշտը դրվել է գործող պարեկների վրա, քանի որ սա ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն է. անփորձ մարդկանց ընդունել չէինք կարող: Ստուգել ենք դիմորդների լողալու ու սուզվելու հնարավորությունները: Հուլիս-օգոստոս ամիսներին նրանց համար հատուկ վերապատրաստում կիրականացվի»,- հայտնել է Արփինե Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է փոխնախարարից՝ արդյո՞ք սկուտերների ծառայությունը որեւէ կերպ վերահսկվում է, հովեկն այն վարելու համար վարորդական վկայական պետք է ունենա՞, կարգավորում կա՞, թե՝ ոչ:

«Նավավարման իրավունքի վկայականի տրամադրման հետ կապված որոշակի կառուցակարգեր ունենք, բայց դրանք դեռ հեռու են բավարար լինելուց, զարգացած ընթացակարգեր չունենք. հաջորդ քայլը ենթաօրենսդրական դաշտի կարգավորումն է լինելու»,- ի պատասխան պատգամավորի հարցին՝ ասել է փոխնախարարը:

Արփինե Սարգսյանը նշել է նաեւ, որ Ջրային պարեկային ծառայողները հսկողություն են իրականացնելու բարձրացված հարցի նկատմամբ:

«Շատ են լինում դեպքեր, երբ հովեկները կամ մյուս քաղաքացիները հարբած կամ այլ վիճակում են վարում ջրային տրանսպորտային փոխադրամիջոցները: Սա հասարակական անվտանգության ապահովման լուրջ ռիսկ է իրենից ենթադրում, ինչին պարեկները կկարողանան ցուցաբերել առաջին արձագանքը: Զգույշ ենք մոտենում հարցին, որ զբոսաշրջության մասով խնդիրներ չառաջանան»,- նշել է փոխնախարարը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչին ի պատասխան Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Ներքին գործերի նախարարությունն այս պահին մրցութային արդյունքների ամփոփման փուլում է:

 

«Ջրային բարձրակարգ տեխնիկա ձեռք բերելու նպատակ ունենք: Պարեկները պետք է զինված լինեն համապատասխան տեխնիկայով, փակ տանիքով նավակներ ու սկուտերներ ենք ձեռք բերելու, որ պարեկները կարողանան ամբողջ տարվա կտրվածքով ծառայություններն իրականացնել: Առանձին մրցույթ է հայտարարվել նաեւ համազգեստի մասով: Հուսանք՝ մինչեւ հուլիս-օգոստոս արդյունքները կլինեն, իսկ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի պաշտոնական մեկնարկը կլինի հոկտեմբեր ամսին»,- ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Նոր ու արհեստավարժ ծառայություն է ստեղծվում նախագծով: Սեւանա լճի ավազանում հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների բացահայտման, նախականխման ու կանխման աշխատանքներ իրականացնելիս բավականին մեծ դժվարություններ են առաջանում: Հացագործությունների ու վարչական իրավախախտումների առումով ռիսկային հատված է Սեւանա լճի ավազանը, այդ իսկ պատճառով Կառավարությունը որոշել է մասնագիտացված կառույց ստեղծել»,- հարակից զեկույցի ընթացքում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում ու խնդրել կողմ քվեարկել:

  • Կիսվել: