«Ի՞նչ եք ուզում ինձանից. Թողնելո՞ւ եք ավարտեմ». Հրայր Թովմասյանը 6-րդ օրն է, որ ներկայացնում է իր պաշտպանական ճառը
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Թովմասյանն արդեն 6-րդ օրն է, որ շարունակում է ներկայացնել պաշտպանական ճառը։
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հերթական անգամ հայտարարեց, որ արգելում է Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ, նա կարող է միայն իր պաշտպանական ճառը ներկայացնել:
Հրայր Թովմասյանը վրդովվեց՝ ասելով. «Հարգելի դատարան, այսպե՞ս ենք շարունակելու։ Այդ դեպքում ես ավարտելու եմ իմ ճառը և եկեք վերջակետ դնենք և ինչ եք ուզում ինձանից։ Թողնելո՞ւ եք ավարտեմ, թե՞ չեք թողնելու, եթե ձեր նպատական է շուտ պրծնել և ինձ էլ չթողնել այս ամբողջը դարձնել հանրության սեփականություն, ապա ավարտեմ»։
Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, թե դատարանը Թովմասյանի նկատմամբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով:
Հրայր Թովմասյանն ասաց, թե դատավորն ինչ ուզում է՝ թող կիրառի։ Նա դատավորին հորդորեց թողնել ավարտել իր խոսքը և նշեց, որ գործով անցնող վկան միտումնավոր չի բերվել դատարան. «Միակ վկան, որ պնդել է թե ինձ տեսել է, չկա։ Ես պնդում եմ, որ հատուկ չկա»,-շեշտեց Թովմասյան։
Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: