կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հրայր Թովմասյանի գործով նիստը կշարունակվի վաղը

Հրայր Թովմասյանի գործով նիստը կշարունակվի վաղը

Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոնի մասնաճյուղում ընթացող ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում ժամը 14։00-ին փաստաբան Արամ Օրբելյանն ընդհատեց իր պաշտպանական ճառը և առաջարկեց դադարեցնել դատական նիստը, քանի որ ֆիզիկապես հոգնել է և բացի այդ իրեն դատարանից ծանուցել էին, որ մինչև 14։00-ն է լինելու այն։

Մեղադրող կողմն առաջարկեց շարունակել նիստը, սակայն փաստաբանը պնդեց որ միայն երկրորդ փաստարկը ներկայացնելու համար պետք է ընթերցի 64 էջ, ինչը 2 ժամ կտևի և իրեն դժվար է լինելու։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը համաձայնեց նիստն հետաձգել մինչև հաջորդ օրը՝ 10։00-ն և Օրբելյանին առաջարկեց որպեսզի վերջինս Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին՝ չնայած իր կողմից նախկինում ընդունած՝ դահլիճից հեռացման դատական սանկցիայի առկայությանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար:

Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

  • Կիսվել: